ԵՐԵՒԱՆ, 21 ՄԱՐՏ, 24News
24News-ի տեղեկություններով, բավական տհաճ միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի և Երևանի կենտրոնում գտնվող ակնոց վաճառող խանութ-սրահներից մեկի աշխատակիցների միջև։ Ըստ մեզ զրուցակցի, ԱԺ պատգամավորը, որն այդ խանութից գնում է կատարել, որոշել է հետ վերադարձնել գնված ապրանքը՝ 69.000 դրամ արժողությամբ։ Աշխատակիցները նշել են, որ, հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով ամբողջ քաղաքում տիրող իրավիճակն ու առևտրի բացակայությունը, ապրանքը պատրաստ են հետ վերցնել չորեքշաբթի, որպեսզի կարողանան մինչ այդ շրջանառություն ապահովել։ Այս պատասխանը հունից հանել է պատգամավորին, որն անմիջապես հանել է իր վկայականը ու սկսել սպառնալիքներով ու վիրավորանքներով լի արտահայտություններ անել խանութի աշխատակիցների հասցեին։ Վաճառասրահի տնօրենը հեռախոսով կապվել է իշխանական պատգամավորի հետ՝ փորձելով հանգստացնել, սակայն վերջինս շարունակել է իրեն բավական գռեհիկ պահել՝ կրկին անցնելով անձնական վիրավորանքների։ Ավելին, նա սպառնացել է «ստուգումներ ուղարկել»՝ բիզնեսի լեգալությունն իբր թե ստուգելու համար։
Հետաքրքիր է, որ այս իրավիճակում, երբ վարչապետ Փաշինյանը խոսում է բիզնեսի նկատմամբ ավելի մեղմ մոտեցման մասին, երբ ողջ քաղաքն արտակարգ դրության պայմաններում գտնվում է ծանրագույն տնտեսական իրավիճակում, իշխանական պատգամավորը թափահարում է իր վկայականով ու սպառնում «հաշվերհարդար» տեսնել։