ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Չինաստանը պաշտոնապես դադարել է շներին ուտելի կենդանիներ համարել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը:
Նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց շները սկսել են համարվել միայն մարդու ուղեկիցները, և այդ պատճառով այլևս չեն համարվի անասուններ:
Ավելի վաղ՝ ապրիլի 2-ին, Չինաստանի Շենչժեն քաղաքում իշխանություններն արգելել էին շների և կատուների միս ուտել: Արգելքը կգործի մայիսի 1-ից:
Ի դեպ, չինացիների մեծ մասը երբեք շան միս չի փորձել և չի էլ ծրագրել դա անել: Շենչժենից առաջ շան և կատվի մսի վաճառքը արգելված էր միայն Թայվանում: Հոնկոնգում շների և կատուների մսի օգտագործումը սննդի մեջ պատժվում է մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկմամբ և 640 դոլար տուգանքով: Չինաստանի մյուս տարածքներում այդ կենդանիների մսի օգտագործումը մինչ օրս արգելված չի եղել:
Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1,6 մլն դեպք է գրանցվել, որից 96 հազարը՝ մահվան ելքով, ավելի քան 355 հազարը բուժվել է: