Նախագահի աշխատակազմը կարիքավոր ընտանիքներին մի քանի փուլով աջակցություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

գյումրի

Լուսանկարում՝ նախագահ Արմեն Սարգսյանը «Շալե Գյումրի» կենտրոնի սաների հետ



Գյումրի, դեկտեմբերի 7, 2019թ.

Հանրապետության նախագահի աշխատակազմը սոցիալական աջակցության նոր մոտեցումներ է որդեգրել՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս օրերին ուշադրության կենտրոնում են հատկապես սահմանամերձ և հեռավոր շրջանների, ինչպես նաև երկրաշարժից տուժած գոտու սոցիալապես ամենախոցելի և կարիքավոր խմբերը:

Դրանց շահառուներն ընտրվել են՝ հաշվի առնելով Հանրապետության նախագահի մարզային այցերի ընթացքում բնակիչների հետ շփումները, դրանց ընթացքում ձեռք բերված տեղեկությունները, ինչպես նաև նախագահին ուղղված նամակները և դրանց վերլուծությունը։

Աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով: Ներկա փուլն ընդհանուր առմամբ ընդգրկում է շուրջ 200 շահառու սոցիալական տարբեր խմբերից:

Այս պահին առաջնային են հեռավար կրթությանը մասնակցելու հնարավորություն չունեցող, հատկապես՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես խոցելի խավերի երեխաները, բազմազավակ ընտանիքներն ու տարեցները:

Ծրագրի այս փուլում աջակցություն է տրամադրվել Շիրակի և Տավուշի սոցիալապես անապահով և տնակներում բնակվող ընտանիքների երեխաներին: Շիրակում նրանք «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության «Շալե Գյումրի» կենտրոնի սաներն են, որոնց հետ նախագահ Սարգսյանն անձամբ հանդիպել էր Գյումրի կատարած աշխատանքային այցերից մեկի ընթացքում:

Մյուս խմբում Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքներում բնակվող, կարիքավոր կամ զոհված զինծառայողների երեխաներն են, որոնք անցած տարեվերջին հյուրընկալվել էին նախագահի նստավայրում:

Ծրագրում ընդգրկված են նաև մի խումբ բազմազավակ ընտանիքներ Երևանից, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի, Կոտայքի մարզերից, որոնք ունեն 6-14 երեխա: Բոլոր շահառուներին հատկացվել են առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ:

Հեռավար կրթությունը հասանելի դարձնելու նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես, Չորաթան, Այգեպար համայնքների կարիքավոր և զոհված զինծառայողների ընտանիքների երեխաներին տրամադրվել են համակարգիչներ։

Համակարգիչներ են տրամադրվել նաև «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության 5 սաների և բազմազավակ 7 ընտանիքների: