ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Մարլեն Մուրիեն շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության հարգարժան պարո՛ն Նախագահ
Տեղեկացա աննախադեպ արդյունքներով Ձեր՝ Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու լուրի մասին և ուզում էի անհապաղ շնորհավորել Ձեզ՝ չնայած համաշխարհային համաճարակով պայմանավորված այս դժվար ժամանակներին և իմ քաղաքում դրա ունեցած հետևանքներին:
Արցախի Հանրապետությունն առանձնանում է ժողովրդավարության տեսանկյունից և մնում օրինակ իր հարևանների համար:
Օգտվելով այս առիթից` ցանկանում եմ վերահաստատել իմ նվիրվածությունն ու լիարժեք աջակցությունը թե՛ Շուշի քաղաքին, որի հետ մենք 2014 թվականին ստորագրել ենք Բարեկամության հռչակագիր, թե՛ Արցախին, որի արժանիքների մասին ես չեմ դադարում խոսել և պաշտպանել խաղաղության իր արժեքները:
Այդ իսկ պատճառով է, որ երկար տարիներ ի վեր ներգրավվել եմ միջազգային կառույցների կողմից Ձեր երիտասարդ հանրապետության ճանաչման գործում:
Հուսով եմ, որ մի օր կկարողանամ ընդունել Ձեզ իմ քաղաքում՝ Բուրգ-լե-Վալանսում, որի մուտքին կտեսնեք Արցախի ծածանվող դրոշը:
Գիտակցում եմ Ձեր գործի ծավալի բնույթը, սակայն իմացեք, որ կարող եք ապավինել իմ լիակատար աջակցությանը:
Անկեղծորեն հուսալով, որ Ձեր հանրապետությունը այն աստիճան չի տուժում կորոնավիրուսային պանդեմիայից, ինչպես մենք, և որ դրանից զերծ կմնա, խնդրում եմ, ընդունեք, պարո՛ն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիացումը»: