Զիջումներ չեն եղել և չեն լինելու․ հայկական կողմը ԼՂ կողմի վրա սպառնալիք չի ստեղծելու․ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News 

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է ՌԴ արտգործ նախարար Սերգեյ Լավրովի ԼՂ հակամարտության կարգավորման հայտարարության վերաբերյալ հարցին: 

Մնացականյանը նշել է, որ երկու տարվա ընթացքում հայկական կողմը եղել է առավել քան թափանցիկ, դիրքորոշումներն ու մոտեցումները արտահայտվել են շատ պարզ ձևով․

«Այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի։ Խոսք է եղել նաև այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսվում այս երկու տարիների ընթացքում։ Լինենք շատ հստակ. նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014թ., 2016 թ., և այդ մոտեցումներն ընդունելի չեն հայկական կողմերի համար»։

 Մնացականյանը նշել է, որ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ՝ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ։

«2014թ. քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված  առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկանաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ դա անվտանգության գոտի է և պաշտպանական գիծ: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- հավելել է ԱԳ նախարարը։

Մնացականյանը նշել է երկրորդ րևորագույն տարրը, ասելով, որ հիմնական սկզբունքների մեջ գոյություն ունի ինքնորոշման սկզբունքը, որը հայկական կողմերի համար առաջնային գերակա տարրն է այս բանակցային գործընթացում․

«Դա մենք բազմիցս կոչել ենք անվտանգություն և կարգավիճակ, և հիմա ավելի բաց կերպով եմ դա ասում, որ ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է կարգավիճակի հստակեցում, ազատ կամարտահայտության իրավունք՝ առանց սահմանափակումների: Խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Զիջումներ չեն եղել և չեն լինելու: Հայկական կողմերը որևէ դեպքում երբևէ չեն ստանձնելու այնպիսի մոտեցում, որը ենթադրի անվտանգության խափանում, Արցախի բնակչության համար սպառնալիքի ստեղծում, առավել ևս, որ այդ սպառնալիքը դեռևս մնում է ռեալ և էքզիստենցիալ: Հայկական կողմի համար առավել քան առաջնային է ինքնորոշման սկզբունքի արտահայտումը խաղաղ բանակցային գործընթացում: Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և ստատուսի տարրերի լիարժեք արտահայտություն: Սա եղել և մնացել է հայկական կողմի մոտեցումը: Այս երկու տարվա ընթացքում մենք առավել քան հստակ խոսել ենք սրա մասին և սրա մասին մենք խոսում ենք բանակցությունների ժամանակ»։

«Եթե որևէ մեկը ենթադրում է, թե  բանակցությունների ժամանակ մենք կարող ենք անել մի բան, և որևէ այլ բան խոսել հասարակության հետ՝ խորապես սխալվում է: Նման բան չի եղել և չի լինելու: Նման բան տրամաբանորեն չի կարող լինել, քանի որ որևէ Հայաստանի ներկայացուցիչ չի կարող նման բան անել»,- ընդգծել է նախարարը:

Ըստ Մնացականյանի՝  Արցախի իշխանությունը ստացել է համապատասխան մանդատ մրցակցային, ազատ և ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Այս երկու տարիների ընթացքում հայաստանյան կողմը մշտապես աշխատել է, խորհրդակցել է արցախյան կողմի հետ։ «Մենք աշխատել ենք միասին և նույնը շարունակվելու է նոր իշխանության հետ։ Որևէ որոշում, որը վերաբերում է Արցախի ժողովրդին, չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- նշել է նա։

Մնացականյանը շեշտել է, որ սխալվում են նրանք, ովքեր մտածում են թե հնարավոր է բանակցությունների սեղանին մեկ այլ բան քննարկել, բայց այլ բան ներկայացնել։