ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ.
«Խոր կսկիծով եւ ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին:
Տոհմական մտավորական ընտանիքից սերած կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ:
Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Իտալիայում, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական եւ գիտական-վերլուծական աշխատանքներում:
Արտաքուստ մեղմ եւ ընկերական, նա ճշգրիտ եւ սկզբունքային էր խոսքի եւ գործի մեջ:
Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը եւ ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:
Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչում, որոնք ծառայեցնում եւ դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:
Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ եւ Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին եւ բոլոր հարազատներին»: