ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, ինչից հետո տեսանյութում նշվող հանգամանքներին կտրվեն իրավական գնահատականներ»,- նշեց Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ։ Միքայել Մինասյանը նաև նշել էր, որ մերժել է Փաշինյանի այդ առաջարկը։
Սոնա Գրիգորյան