ԱՀ ՄԻՊ-ը ստացել է 234 դիմում 378 քաղաքացուց. դիմումների 96 տոկոսը դրական լուծում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

ահմիպ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մայիսի 7-ին՝ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ, ներկայացրել է 2019 թվականի ԱՀ ՄԻՊ-ի գործունեության և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումը։



2019 թվականին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 234 դիմում 378 քաղաքացուց, իսկ 2018 թվականին՝ 138 դիմում 159 քաղաքացուց։  2019 թվականին Պաշտպանի լիազորություններին է վերաբերել դիմումների 31 տոկոսը։ Այսպիսով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանին քաղաքացիների կողմից դիմումների քանակը աճել է։

Բեգլարյանը հայտնել է , որ դիմումներից ամենաշատը՝ շուրջ 22 տոկոս, ներկայացվել են սոցիալական ապահովության իրավունքի հարցով: Հաջորդիվ, սեփականության իրավունքի հարցով դիմումներն են՝ 17 տոկոս և աշխատանքային իրավունքի և արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքների հարցով՝ 11-ական տոկոս:

«Դիմումների մոտ 40 տոկոսը ներկայացվել է խոցելի խմբերի կողմից՝ 99 դիմում, որտեղ 9 տոկոսը բաժին է ընկնում զինծառայողներին, 7-ական տոկոս՝ ազատությունից զրկված և հաշմանդամություն ունեցող անձնանց և այլն։ Դիմումների 96 տոկոսը դրական արդյունք է ստացել»,- նշել է ԱՀ ՄԻՊ-ը: