ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Բելգիայի հայ համայնքում հայտնի գործարար Յանիկ Քալանթարյանը, ով նաև Բելգիայի առևտրաարդյունաբերական պալատի (BACC) փոխնախագահն է, նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս: Այս մասին գրում է Nouvell d ' Armenie-ն:
Յանիկ Քալանթարյանի թեկնածության առաջադրումը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին, նշանակումը՝ ապրիլի 1-ին, սակայն պաշտոնապես նա կստանձնի իր լիազորությունները, երբ Բելգիայում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը կբարելավվի:
Քալանթարյանի տատիկներն ու պապիկները 20-րդ դարի սկզբին տեղափոխվել են Թբիլիսի, սակայն ստիպված են եղել լքել Վրաստանը Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո: Ընտանիքը միշտ սերտ կապեր է ունեցել Վրաստանի հետ:
Թբիլիսիի հայկական թաղամասի հարևանությամբ գտնվող ճարտարապետ Գևորգ Սարգսյանի կառուցած Քալանթարյաների ընտանիքին պատկանող տունն ընդգրկված է երկրի պետական ժառանգության ցուցակում: