ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ կողմ է կարանտինից հետո սահմանների բացմանը, բայց հիշեցրել է, որ հարկավոր է պահպանել անվտանգության ու կանխարգելման բոլոր միջոցառումները:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կազմակերպությունը լիարժեքորեն աջակցում է տնտեսությունների բացմանը:
«Մենք ցանկանում ենք տեսնել՝ ինչպես են երեխաները վերադառնում դպրոցներ, իսկ մարդիկ՝ իրենց աշխատավայրեր: Բայց մենք ուզում ենք տեսնել, որ այդ ամենը անվտանգ պայմաններում է կատարվում: Երկրները որքան ավելի լավ վերահսկեն այս վարակը, այնքան ավելի կարող են բացվել: Առանց վերահսկողության սահմանների բացումն աղետի բաղադրատոմս է»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:
Նա նաև նշել է, որ երկրները սովորական կյանքին վերադառնալուց առաջ պետք է առնվազն չորս հիմնական քայլ անեն.
- մարդկանց մեծ խմբերի միջև վարակի տարածումը կանխեն. դա տեղի կունենա զանգվածային միջոցառումների դեպքում, այդ թվում՝ գիշերային ակումբներում, մարզադաշտերում, խոշոր կրոնական ժողովների ժամանակ,
- պետք է պաշտպանել վարակի համար առավել խոցելի խմբերին՝ մահացության մակարդակը նվազեցնելու համար,
- յուրաքանչյուր ոք պետք է հանրային անվտանգության ապահովման հարցում իր ներդրումն ունենա՝ կրի դիմակ, պահպանի հեռավորություն և լվա ձեռքերը
- իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն՝ հիվանդներին հայտնաբերելու, մեկուսացնելու, թեստավորելու և բուժելու, ինչպես նաև շփումների շրջանակը պարզելու ուղղությամբ:
--00--ԱԹ