ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում համայնքներում խմելու ջրի որակի ապահովման աշխատանքների իրականացման նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքներն առավել գործնական և արդյունավետ իրականացնելու նպատակով ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի առաջարկությամբ և պատկան մարմինների մասնակցությամբ Գեղարքունիքի և Կոտայքի մարզպետարաններում մարզխորհրդի նիստեր են հրավիրվել` խմելու ջրի սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ քննարկում կազմակերպելու նպատակով:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱՏՄ-ի, մարզպետարանների, ԱԻՆ-ի և ոստիկանության համատեղ ջանքերով համայնքներում խմելու ջրի որակական չափանիշերի ստուգմանը, ինչպես նաև ջրամբարների, ջրառների պահպանության ուղղությամբ մի շարք միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր ու անելիքներ»։
--00--ԱԹ