ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում: «Հայկական ժամանակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Քայլեր են ձեռնարկվում արագ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի: Քննարկվում է ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը վերանայելու եւ կրճատելու հարցը»,- հավելել է Պողոսյանը:
Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ այդ կապակցությամբ մասնավորապես նշելով.
«Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, և, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:
Ոչ Վիտալի Բալասանյանն իր հայտարարությունում, և ոչ էլ Վահրամ Պողոսյանը կայքի հետ զրույցում չեն մանրամասնել, թե ինչ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մասին է խոսքը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
--00--ԱԹ