«Հանցակազմ չկա». ծննդկանի և նորածնի մահվան գործով մեղադրվող բժիշկներն արդարացվեցին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայան որոշում կայացրեց հանցակազմի բացակայության հիմքով արդարացնել ծննդկան Մերի Մարգարյանին և նորածնի մահվան գործով մեղադրվող բժիշկներ Շուշանիկ Բախշյանին ու Անի Բաբելյանին։ Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015-ի հուլիսի 27-ին կեսարյան հատումից հետո «HELLP» սինդրոմ համախտանիշ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Մերի Մարգարյանը 2 օր անց մահացել է: Ծննդկան Մերի Մարգարյանը 4 օր ունեցել է բարձր ջերմություն, սակայն բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող «Շենգավիթ» ԲԿ բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, պարտավոր լինելով կնոջը հոսպիտալացնել, հրաժարվել և չի կատարել իր պարտականությունները։ Ըստ ՔԿ-ի՝ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով Մերի Մարգարյանը հուլիսի 29-ին մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Դեպքի փաստով հարուցվել է քրգործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Մերի Մարգարյանի և նորածնի մահվան համար մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

--00—ԼՄ