ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Փետրվարի 22-ին Բաղդադում Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, իրաքյան կողմից՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիզար Խեյրալլահը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
«Կողմերը ստորագրել են «Իրաքի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև՝ «Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը։
Նույն օրը Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Խաֆաջիի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հայտնի պատճառներով հետաձգված երրորդ նիստի՝ Բաղդադում անցկացման հնարավոր ժամկետներին։
ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի և Հայ ազգային կենտրոնական վարչության անդամների հետ։
Փետրվարի 23-ին Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրաքի ԱԺ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռեհան Հաննա Այուբի և խմբի անդամների հետ։
Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում։ Արտակ Ապիտոնյանը Ռեհան Հաննա Այուբին շնորհակալություն է հայտնել արցախյան պատերազմի ընթացքում վերջինիս կողմից արված արդարացի հայտարարության համար։
--00—ԼՄ