Հայտնի է՝ ըմբիշների ցանկը, որոնք կմասնակցեն ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ,  ԱՊՐԻԼԻ 30,  24News

․

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է բոլոր այն ըմբիշների ցանկը, որոնք մայիսի սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմասնակցեն ըմբշամարտի օլիմպիական համաշխարհային վարկանիշային մրցաշարին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, ազատ ոճի մրցաշարին մերոնցից կմասնակցեն 74 կգ քաշային Արման Անդրեասյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: 

Հունահռոեմական ոճի ըմբշամարտում Տոկիոյի ուղեգրերի համար կպայքարեն Հայաստանի 4 ներկայացուցիչ` 60 կգ քաշային Արման Մելիքյանը, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը և գերծանր քաշային Դավիթ Հովասափյանը:

 Ուղեգիր նվաճելու համար նվազագույնը պետք է մտնել եզրափակիչ: Հավելենք, որ Սոֆիայի մրցաշարը վերջինն է օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանի չորս ըմբիշներ արդեն նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նրանք են ազատ ոճային Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը:

--00--ԱՀ