ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
«ԼՂ հակամարտությունն ավարտված է, ԼՂ կարգավիճակի հարցով բանակցություններին վերադարձ չի լինելու»,- «El Pais» իսպանական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է և հստակ՝ մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Մենք պատերազմում հաղթել ենք, հաղթող կողմն ենք, ու այս իրականության հետ պետք է հաշվի նստել: ԼՂ հակամարտությունը լուծված է, ԼՂ կարգավիճակի վերաբերյալ կամ նմանատիպ որևէ այլ քննարկման վերադարձ չկա»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով լուծել է հակամարտությունը»:
Նա նշել է, թե ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայումից հետո ԼՂ-ում իրավիճակն առավել կայուն է, քան ՀՀ և Ադրբեջանի սահմանին:
«Ցավոք, Հայաստանը չի հրաժարվել ռևանշի փորձերից: Նրանք պետք է խուսափեն ցանկացած թշնամական գործողություններից և տարածքային նկրտումներից, աշխատեն խաղաղության համաձայնագրի շուրջ: Մենք հարևաններ ենք, մեզանից որևէ մեկն այլ մոլորակ չի թռչելու, պետք է սովորենք կողք կողքի ապրել և աստիճանաբար հող նախապատրաստենք հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ մարդկանց միջև շփումների համար: Մենք հայտարարել ենք, որ բաց ենք դրա համար, սակայն Հայաստանից դեռ դրական ազդակներ չկան»,- նշել է նա:
--00--ԱԹ