ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24 News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։
Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։
Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։
Աշխատանքների մեկնարկից մինչև 2021 թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.
- կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը.
- վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը.
- հորատում և ցեմենտացիոն աշխատանքների 97,3 %-ը.
- բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման 98 %-ը.
- հիմնական պատվարի մարմնի կառուցման 66,0 %-ը.
- փոքր պատվարի մարմնի կառուցման 46․2 %-ը։
Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020 թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։
--00—ՄՀ