ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Միջազգային իրավապաշտպան հեղինակավոր «Freedom House» կազմակերպությունը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին վերականգնել Արցախում գազամատակարարումը՝ թույլ չտալով հումանիտար ճգնաժամի խորացումը։ Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական թվիթերյան էջում։
«Ադրբեջանը պետք է կանխի հումանիտար ճգնաժամը, վերականգնելով Լեռնային Ղարաբաղի բնակիչների անխափան գազամատակարարումը, որոնք շաբաթներով տառապում են ջեռուցման ու տաք ջրի բացակայությանից սառնամանիքի պայմաններում», - ասված է «Freedom House»-ի հայտարարությունում։
Ադրբեջանական իշխանություններն արդեն երրորդ շաբաթն է, ինչ մեկ օր բացառությամբ խափանել են Արցախի գազամատակարարումը, ենթադրաբար փական տեղադրելով խողովակի վրա, որն անցնում է օկուպացված Շուշի քաղաքի մոտ։
Չնայած ընթացող բանակցություններին, Բաքուն չի համաձայնում վերականգնել այն՝ կոչ անելով «Հայաստանին դուրս բերել իր զինված ուժերը տարածաշրջանից»։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն գնահատել է ադրբեջանական այս գործողություններն իբրև հումանիտար աղետին հանգեցնող դատապարտելի քայլ։
--00--ԱՀ