ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը։
Նիստի սկզբում դատավորը տեղեկացրեց, որ ստացվել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի՝ ՀՀ-ից բացակայությունը թույլատրելու վերաբերյալ։ Բացի այդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի կողմից հավաքագրված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու մասին։
Նախագահի մյուս պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն, որը դատավորը առաջնության կարգով պատրաստվում էր քննել։ Սակայն մեղադրող կողմն առարկեց, նշելով, որ պաշտպանները «անհարկի փորձում են ձգձգել դատական պրոցեսը և խոչընդոտել ապացույցների հետազոտումը»։
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ անցնում է ապացույցների հետազոտմանը, պատրաստվելով միջնորդությունները քննել 15։00-ին։ Պաշտպաններն առարկեցին դատարանի գործողությունների դեմ և պնդեցին, որ եթե այդ ապացույցների թույլատրելիությունը դրված է կասկածի տակ և եթե այն կարող է համարվել անթույլտարելի, այդ ապացույցը չի կարող հետազոտվել։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց՝ գործընկերների հետ խորհրդակցելու համար, սակայն դատավորը մերժեց։ Պաշտպանական կողմը ստիպված էր խորհրդակցել դահլիճից դուրս։ Նախագահ Քոչարյանն, իր հերթին, նշեց, որ դատավորն անիմաստ լարվածություն է ստեղծում։
Այն պահին, երբ Պետրոս Պետրոսյանը սկսեց ընթերցել ապացույցները, պաշտպան Ալումյանը միջնորդեց ապացույցը հետազոտել դռնփակ ռեժիմով։ Դռնփակ նիստը շարունակվում է մինչ այս պահը։
--00—ԼՄ