Եմենի հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

25

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները կշարունակեն արգելափակել իսրայելական նավերի անցումը Կարմիր ծովով և Ադենի ծոցով՝ չնայած Եմենի տարածքին ԱՄՆ-ի հարվածներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եմենի շարժման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը։

«Եմենի դեմ ագրեսիան պայմանավորված է իսրայելական կազմակերպությանն ԱՄՆ-ի աջակցությամբ, որի նավերին Եմենն արգելել է անցնել Կարմիր ծովով, մինչև չվերականգնվի  մարդասիրական օգնությունը Գազային:  Պաղեստինի ժողովրդին մեր աջակցությունը կշարունակվի և կավելանա», -նշել է նա:

Ըստ շարժման խոսնակի՝ Եմենում ռազմական գործողություններ սկսելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը կայացվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը չի կարողացել կասեցնել հութիների հարձակումները առևտրային նավերի վրա։ 

«Այս բարբարոսական ագրեսիան նաև Թրամփի փորձն է՝ վերականգնելու հեղինակությունն ամերիկացի զինվորականների առջև, որոնք 15 ամիս շարունակ ենթարկվում են մեր զինված ուժերի հարձակմանը Կարմիր ծովում և Ադենի ծոցում», - հավելել է նա։

Մարտի 15-ին ԱՄՆ Զինված ուժերը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսել են զանգվածային հարվածներ հասցնել Եմենի տարածքին, որը գտնվում է հութիների վերահսկողության տակ։ Գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և նավարկության ազատության ապահովմանը, հայտնել են ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից։ «Անսար Ալլահ» շարժումը խոստացել է արձագանքել՝ միաժամանակ պնդելով, որ թիրախավորվում են քաղաքացիական թիրախները:

 

 --00—ԱՊ