ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Լա Լիգան հերքել է Մադրիդի «Ռեալի» բողոքները` առաջնության հանդիպումը հետաձգելու մերժման վերաբերյալ։ Այդ մասին գրում է Marca-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»՝ 11 մետրանոց հարվածաշարում (4-2): Շաբաթ օրը մադրիդցիները արտագնա հանդիպմանը հաղթեցին «Վիլյառեալին» (2-1): Հանդիպումից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է. «Սա վերջին դեպքն է, երբ «Ռեալը» հանդես կգա առանց 72 ժամ հանգստի։ Մենք երբեք դա այլևս չենք անի: Մենք երկու անգամ խնդրեցինք Լա Լիգային հետաձգել այն, և ոչինչ»: Real Madrid TV-ն նաև հայտնել է, որ ակումբը կխնդրի ՖԻՖԱ-ին պաշտպանել իրեն առանց 72-ժամյա ընդմիջման հանդիպումներից։
Լա Լիգան հայտնել է, որ փետրվարի 25-ից, երբ հրապարակվեց մրցաշրջանի այս հատվածի ժամանակացույցը, Մադրիդի «Ռեալը» ոչինչ չի ասել օրացույցի մասին։ Լիգան ասում է նաև, որ նախկինում ժամանակացույցի փոփոխության հարցումները նախապես ստացվել և բավարարվել են:
Ավելին, Լա Լիգան հայտարարել է, որ հանդիպումների միջև 72 ժամ հանգստանալը պարտադիր պահանջ չէ, այլ ավելի շուտ՝ խորհուրդ։ Լիգան պարտավորվել է, թեև ներառված չէ որևէ համաձայնագրի մեջ, ֆուտբոլիստներին տրամադրել առնվազն երկու լիարժեք օր հանգստի համար հանդիպումների միջև, և այդ պահանջը կատարվել է:
Նշվում է, որ այն, ինչ եղավ Մադրիդի «Ռեալի» հետ, որը Չեմպիոնների լիգայում հանդես եկավ չորեքշաբթի, իսկ շաբաթ օրը՝ Լա լիգայում, «Բարսելոնայի» հետ տեղի կունենա Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլում, քանի որ կատալոնացիները առաջին հանդիպումը կանցկացնեն չորեքշաբթի, իսկ պատասխան հանդիպումը՝ մյուս երեքշաբթի։ Այսպիսով, «Բարսան» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, «Լեգանեսի» հետ՝ Լա Լիգայում՝ շաբաթ օրը՝ ապրիլի 12-ին, մյուս երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, կրկին կհանդիպի գերմանական թիմի հետ:
Հաջորդ տուրում Մադրիդի «Ռեալը» նման խնդիր չի ունենա, քանի որ երեքշաբթի Չեմպիոնների լիգայի առաջին հանդիպումն է «Արսենալի» հետ, իսկ պատասխան հանդիպումը՝ հաջորդ չորեքշաբթի։ Սակայն ներկայիս պատմությունը կարող է կրկնվել, եթե մադրիդյան թիմը դուրս գա մրցաշարի կիսաեզրափակիչ:
--00—ԱՊ