ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների համար մանդատից զրկելու հարցին։
«Ազգային ժողովը ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների համար մանդատից զրկելու նպատակով ուզում է դիմել Սահմանադրական դատարան։
Լիբերալ դեմոկրատական երկրների պառլամենտական մշակույթի համաձայն՝ պատգամավորները կարող են մանդատից զրկվել կարգապահական պատժի ենթարկվելու դեպքում, մանդատ ունենալու իրավասության կորստի (այս դեպքում լիազորությունները ոչ թե դադարեցվում են, այլ դադարում են, օրինակ քաղաքացիությունը փոխելու կամ կորցնելու դեպքում) և պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների կատարումը խախտելու դեպքում։
Պատգամավորը կարող է զրկվել մանդատից նաև հետկանչի միջոցով, եթե այդ մանդատը հրամայական է, սակայն Հայաստանում պատգամավորի մանդատը ներկայացուցչական է և վերջինս առաջնորդվում է միայն իր խղճով։
Ժամանակակից բոլոր խորհրդարանները կարևորում և օրենքով ամրագրում են խորհրդարանի նիստերին պատգամավորի մասնակցությունը և քվեարկելը, իսկ դրանք չպահպանելու համար սահմանում կարգապահական տույժեր, այդ թվում պատգամավորին մանդատից զրկելը, որի նախադեպը ունի նույնիսկ բրիտանական պառլամենտը։ Վերջին պետությունը, որ օրենսդրորեն ամրագրել է բացակայությունների համար նախատեսվող պատիժը Շվեդիան է (2021 թ․ Ռիկսդագի ընդունած օրենքով կիսամյակի ընթացքում քվեարկությունների ոչ պակաս վաթսուն տոկոսից անհարգելի բացակայող պատգամավորները պետք է հետ վերադարձնեն աշխատավարձերը)։ Բացակայությունների համար որպես կարգապահական տույժ կիրառվում են հիմնականում ֆինանսական պատիժները՝ աշխատավարձից պահումները։
Հայաստանում, օրենքի համաձայն, յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները կարող են դադարեցվել։ Սակայն ինչ է նշանակում «անհարգելի բացակայել»։ Սրա հստակ մեկնաբանությունը կամ բացատրությունը չկա։ Պրակտիկայի համաձայն՝ հարգելի համարվող բացակայության ամենատարածված պատճառը առողջական խնդիրներն են, ընտանեկան հարցերը և գործողումները։ Օրինակ, Ֆրանսիայի Սենատում գործող մշտական հանձնաժողովներում պատգամավորների բացակայությունները նիստերից կարող են հարգելի համարվել, եթե դա կապված է տեղական ընտրազանգվածի նկատմամբ պարտավորություններով (օրինակ, հանդիպումներ ընտրողների հետ և այլն)։
Ընդհանրապես կարգապահական պատժի ենթարկելու համար մանդատից զրկումը դիտարկվում է ծայրահեղ միջոց, որովհետև դա կարող է զենք դառնալ մեծամասնության ձեռքին ընդդիմությանը ճնշելու նպատակով։
Ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների համար մանդատից զրկելու հարցը ՀՀ Ազգային ժողովը չէր կարող չբարձրացնել, որովհետև մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել օրենսդիր մարմնի կարգապահական վարկանիշը, իսկ մյուս դեպքում՝ ցուցադրել իշխող մեծամասնության խստությունը այս հարցում։ Lավ է, որ այդ հարցը մեզ մոտ Սահմանադրական դատարանի որոշման տիրույթում է (կան երկրներ, որ հենց օրենսդիրն էլ որոշում է), որովհետև պառլամենտը քաղաքական մարմին է, իսկ իրավական երկրում էական է, որ քաղաքական մարմինը ընդդիմության իրավունքերը սահմանափակելու կամ մանդատներից զրկելու որևէ գործիք չունենա։
Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի կողմից այս հարցի քննումը և դրա վերաբերյալ որոշում կայացնելը կարող է հետաքրքիր նախադեպ դառնալ՝ հասկանալու արդյոք պատգամավորը քաղաքական բոյկոտի համար կարող է զրկվել մանդատից կամ փողոցում պայքարելը և նիստերին չմասնակցելը կարող է համարվել հարգելի։ Ներկայացուցչական մանդատի համար ո՞րն է այս դեպքում ավելի գերակա շահ՝ մասնակցել նիստերին և կատարել պատգամավորական պարտականություննե՞րը, թե՞ հանրային բողոքը բարձրացնել հավաքներով և ցույցերով։
Այս հարցի ճիշտ պատասխանը ստանալու համար կա մի պայման․Սահմանադրական դատարանը այս հարցը քննելիս պետք է զերծ մնա քաղաքական ազդեցությունից և գործի բացառապես սահմանադրության և իրավականության դաշտում։ Եթե մենք ուզում ենք իրապես ժողովրդավարության կայացման սկզբնակետին հասնել, ապա օդ ու ջրի պես պետք է, որ այսպիսի հարցերում Հայաստանում վատ կամ սխալ նախադեպեր չստեղծվեն»։
--00—ԼՄ