ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Հայաստանի նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի և ոստիկանության 3 նախկին պաշտոնյաների գործը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխվել է հակակոռուպցիոն դատարան։
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից` ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում։ Բացի այս, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ոստիկանապետի պաշտոնը, դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, և 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ։
«Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին»: Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ այս գործով առաջիկա նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին, իսկ նախագահող դատավորն է Վարդան Գրիգորյանը։ Գործը սեպտեմբերի 1-ին է ընդդատության կարգով փոխանցվել հակակոռուպցիոն դատարանին:
24News-ը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից փորձեց ճշտել՝ արդյոք կոմիտե՞ն է դիմել, որպեսզի գործը տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան։ ՀԿ-ից խոստացան ավելի ուշ պատասխանել այս հարցին։ Այս գործով մեղադրյալներ են նաև նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ-գլխավոր աուդիտոր Վարդան Թունյանը, ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։ Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը, 2012-2018 թվականներին զբաղեցնելով փոխոստիկանապետի պաշտոնը, այլ անձի հետ հանցակցությամբ 2015-18 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում, ինչպես նաև` կատարել է պաշտոնեական կեղծիք:
«Բացի այդ, այլ անձի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ»: Վարդան Թունյանը, ըստ մեղադրանքի, դրդել է Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։ «Բացի այդ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ: Բացի այդ, օգտագործելով պաշտոնեական դիրքը , 2014-18 թթ․ կատարել է իրեն վստահված ուրիշի խոշոր չափերով գույքի յուրացում»:
Գուրգեն Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ «օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին` ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի դասակի հրամանատար Վահրամ Ղազարյանին զորամասում աշխատանքի ներկայանալու պարտականությունից ազատելու եղանակով ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն»:
Ավելի ուշ ՀԿ-ից 24News-ին հայտնեցին, որ իրավապահ մարմնի քննիչները որեւէ կապ չունեն գործի փոխանցման հետ։
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ