Չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք, ես խոսում եմ Արցախի մասին․ ԱՀ պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

․

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: 

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

Սթիվեն Սակուր -Այո, դուք ասում եք, որ ամեն ինչ վերջացած չէ, բայց այս ամենում Ռուսաստանը մեծ գործոն է։ Ի նկատի ունեմ, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապավինել է Ռուսաստանի ռազմական աջակցությանը։ Հետաքրքիր է, Դուք ի՞նչ դասեր եք քաղել Պուտինի ներխուժումից Ուկրաինա, Դուք այդ պատերազմն առաջին հերթին դատապարտելի համարու՞մ եք և տեսնո՞ւմ եք այն որպես վտանգավոր դաս Հայաստանի համար։

Ռուբեն Վարդանյան – Տեսեք, ես հիմա մի փոքր հանրապետության պետնախարար եմ, որտեղ 120 000 մարդ տուժում է ադրբեջանական պետության աննախադեպ գործողությունների հետևանքով, և ես պատասխանատու եմ պաշտպանել երեխաներին, ովքեր ապրում են այստեղ, և իմ ազգին, և կանեմ ամեն բան նրանց պաշտպանության համար: Դրա համար այս հարցին կպատասխանեմ այսպես՝ անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Արցախը պաշտպանելու համար։

Սթիվեն Սակուր -Բայց դա ամենևին էլ պատասխանը չէ: Ես նոր հարցրեցի ձեզ՝ կդատապարտե՞ք Պուտինի ներխուժումն Ուկրաինա։

Ռուբեն Վարդանյան – Եվ ես ձեզ պատասխանում եմ՝ ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով  և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ,  ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի։

Սթիվեն Սակուր -Բանն այն է, որ ձեր խոսքերը հակասում են Հայաստանում ապրող հայերի կարծիքին, քանի որ նրանք շատ անհանգստացած են Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքներից: Մեջբերեմ Երևանի Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանի խոսքերը, ով ասում է. «Ակնհայտ է դառնում, որ մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա։ Եթե նույնիսկ Ռուսաստանը ամբողջական դուրս գա Ուկրաինայի դեմ պատերազմից, նրանք կարող են փորձել Հայաստանը ներառել Բելառուսի հետ ինչ-որ միութենական պետության մեջ, և դա մեր ուզածը չէ»։ Դուք դա ուզու՞մ եք։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ճակատագիրն ու ապագան Ռուսաստանի՝ Պուտինի Ռուսաստանի հե՞տ է։

Ռուբեն Վարդանյան – Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է։

Սթիվեն Սակուր -Դուք գո՞հ եք Վլադիմիր Պուտինին երկարաժամկետ ապավինելուց:

Ռուբեն Վարդանյան – Ի՞նչ նկատի ունեք։

Սթիվեն Սակուր -Ես նկատի ունեմ, որ բավականին պարզ է, թվում է` Դուք ասում եք, որ մենք հիմա քաղաքականապես բավականին հեռու ենք Երևանից, Հայաստանի կառավարությունից: Ուստի ձեր միակ երաշխավորը, ձեր գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է:

Ռուբեն Վարդանյան – Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով։

Սթիվեն Սակուր -Գիտեք, Լեռնային Ղարաբաղում մարդիկ կան, ձեր փոքր համայնքում, ովքեր կարծում են, որ Ձեր՝ պետնախարար  դառնալը վատ հետևանք է ունեցել։ Օրինակ, Բելլա Լալայանն ասում է, որ Դուք ընդամենն ավելի շատ խնդիրներ եք ստեղծել և վտանգել եք իրենց անվտանգությունը։ Ոմանք ուզում են, որ Դուք դուրս գաք, և նրանք ուզում են, որ Դուք դուրս գաք հենց հիմա:

Ռուբեն Վարդանյան – Նորմալ է, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Ես երջանիկ մարդ եմ, որ այստեղ եմ արցախցիների հետ, ամեն օր քայլում եմ փողոցներով, տեսնում եմ մարդկանց, որոնք․․․․

Սթիվեն Սակուր -Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղում շատերը կարծում են, որ Դուք օտար եք: Դուք եկել եք Մոսկվայից, Դուք Ռուսաստանում հարստություն եք ստեղծել,  Լեռնային Ղարաբաղում չեք ծնվել, ծնվել եք Երևանում։ Լեռնային Ղարաբաղում շատերը մտածում են՝ թե արդյո՞ք  Դուք իսկապես ներկայացնում եք իրենց շահերը:

Ռուբեն Վարդանյան – Իմ ծագման մասին. իմ տատիկս է արցախցի, ես վերջին 20 տարվա ընթացքում՝ Արցախում իրագործել եմ շուրջ 89 ծրագիր,  տղաս այստեղ ծառայել է բանակում, աղջիկս այստեղ է եղել, դրա համար ձեր հնչեցրածը պարզապես սպեկուլացիա է, որոնք մարդիկ են հորինում։ Իհարկե,  սա կարելի է տեսնել ամենուրեք, և ոմանք կեղտոտ պատմություններ են հորինում՝ առանց իրական պատմությանը նայելու։ Ես եկել եմ այստեղ 2022 թվականի սեպտեմբերի 2-ին և ասել, որ չեմ տարբերվում որևէ մեկից։ Ես ոչինչ չեմ ձևացրել՝ այս պաշտոնը ստանալու համար:  Նախագահն է ինձ առաջարկել, բայց ես ուրախ եմ մնալ այստեղ առանց որևէ պաշտոնի, և մնալու եմ: Ինձ չի հետաքրքրում` ես կլինեմ պետական նախարար թե ոչ, ես այստեղ եմ այն մարդկանց հետ, ովքեր իմ աջակցության կարիքն ունեն, ոչ թե նրա համար, որ ես հարուստ եմ, այլ որովհետև ուզում ենք, որ Արցախից դուրս մարդիկ գիտակցեն, որ Արցախը ողջ հայ ժողովրդի ինքնության բանալին է, հայ ազգի ԴՆԹ-ի հազարամյա պահապանը:

Սթիվեն Սակուր -Պարզաբանեք և ամփոփենք, քանի որ մեր ժամանակը սպառվում է։ Դուք ոչ մի տեղ չեք գնում, դա՞ է Ձեր ուղերձը:

Ռուբեն Վարդանյան – Կասեմ, որ ես այստեղ եմ մնալու իմ ժողովրդի հետ, ինչի էլ որ բախվենք, միասին ենք բախվելու, այո՛։

Սթիվեն Սակուր -Շնորհակալ եմ HardTalk-ին միանալու համար։

Ռուբեն Վարդանյան – Շնորհակալություն:

--00--ԱՀ