Բաքուն անհանգստացած էր Ռուբեն Վարդանյանի ռուսական աջակցությունից, ոչ թե նրա կապերից ու միլիարդներից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

դդ

Ռուբեն Վարդանյանի հեռացումն Արցախի պետնախարարի պաշտոնից 99 տոկոսով Մոսկվայի և Բաքվի միջև պայմանավորվածությունների, առևտրային գործարքի արդյունք է։ Այս մասին 24News-ին ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը չէր համաձայնի, որ Վարդանյանը հենց այնպես ազատվեր պետնախարարի պաշտոնից․ «Ենթադրում եմ, որ ոչ թե Ադրբեջանը, այլ Ռուսաստանն է պայման դրել Ադրբեջանի առջև, որ որևէ բանի դիմաց ինչ-որ բան ստանա։ Ռուբեն Վարդանյանը շարքային ֆիգուր չէր։ Պաշտոնից ազատելու հիմնական պատճառի մասին 100 տոկոս կարող ենք ասել, երբ ճանապարհը բացվի։ Այ, ճանապարհը բացվելուց հստակ կտեսնենք, թե Ալիևն ինչպես է հիմնավորում։ Երկու պատճառով է կարող Հայաստանն Արցախին կապող ճանապարհը բացվել։ Ե՛վ կարող է խաղաղապահների աջակցությամբ բացվել, և՛ Հաագայի դատարանի միջոցով»։

Ինչ վերաբերում է նորանշանակ պետնախարարնին, ապա ըստ Արմեն Բադալյանի՝ շարքային, ինչ-որ անանուն գործիչ է։ Անդրադառնալով նախկինում Բաքվի անհանգստությանը՝ կապված Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնի նշանակման հետ, երբ Իլհամ Ալիևը հայտարարում էր, որ նա ուղարկվել է Մոսկվայի կողմից, Բադալյանը պատասխանեց․ «Ռուբեն Վարդանյանն իրականում ուղարկված էր։ Եվ ուղարկված էր որպես անզիջում պայքարի սիմվոլ։ Սիմվոլը փոխանակվեց ինչ-որ զիջման դիմաց, բայց դա 100 տոկոս կերևա ճանապարհը բացվելուց հետո»։

Ըստ Բադալյանի՝ Ադրբեջանը ոչ թե անհանգստացած էր Վարդանյանի միջազգային կապերով, այլ նրա ռուսական աջակցությամբ․ «Կապ չունի՝ նա միջազգային կապեր ունի, միլիարդատեր, միլիոնատեր է։ Կարող է պատահել, որ քաղաքական առումով անդեմ ինչ-որ մեկին են նշանակում կամ ինչ-որ մի գեներալի։

Այսինքն՝ սա քաղաքական առևտրի առարկա է դարձել, բայց մենք դրա մասին հաստատ կարող ենք ասել, երբ որ ճանապարհը բացվի։ Իսկ Արցախ-Հայաստան ճանապարհը կբացվի։ Այն ժամանակ, երբ տեսնենք՝ Ալիևն ո՞ւմ է հրապարակային շնորհակալություն հայտնում, վերջնականապես կկարողանանք ասել՝ ինչ է տեղի ունեցել»։

Վերլուծաբանը նշեց նաև, որ Հայաստանի իշխանությունները Վարդանյանի հեռացման հարցում ոչինչ չէին կարող անել։ «Քանի որ Հայաստանն այլևս գործոն չէ Արցախում։ Հայաստանի իշխանությունը ոչինչ չէր կարող անել։ Ընդհանրապես, եթե կարողանար, 3-4 ամսվա ընթացքում կաներ։ 112 օր Վարդանյանը պետնախարար էր, որից 100 օրը երևի արդեն հակաադրբեջանական քարոզչություն է արել։ Հանող էին, 100 օրվա մեջ կհանեին։ Հայաստանի իշխանություններն այլևս չեն ազդում Արցախի իշխանությունների վրա, ոչ էլ անգամ նախագահի վրա»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ