ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Որպեսզի մեր մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզավիճակի և լավ արդյունքներ գրանցելու վրա՝ պետությունը գործարկել է խրախուսման քաղաքականություն նման հաջողություններ գրանցող մարզիկների համար։
Նախորդ տարեվերջին Արթուր Դավթյանը 18,2 մլն ՀՀ դրամ ստացավ իր փայլուն մրցելույթների համար՝ 10 մլն ՀՀ դրամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, 3,2 մլն ՀՀ դրամ՝ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելու համար, 5 մլն ՀՀ դրամ՝ որպես տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը։ Բացի այդ, հաջող մրցելույթների համար, ինչպես նաև Փարիզի օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար մարզիկը ստանում է ամենամսյա վճարներ՝ ավելի քան մեկ միլիոն դրամ։
Ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները՝ ցանկանալով նմանվել մարզիկներին։ Դրանով մեր մարզիկները ոգևորում են մեր երեխաներին, նրանց առաջ մղում դեպի իրենց երազանքներն ու նպատակները»։
--00—ԼՄ