ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Տոնական օրը սկսվեց Սուրբ և Անմահ Պատարագով. պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:
Տեր Հայրը իր քարոզի մեջ նշեց, որ մենք, մեր մտքում պետք է ունենանք Քրիստոսի կերպարը` որպես բացվող վարդ։ Հիսուս Քրիստոս վարդի նման փշոտ կյանք ունենալով, ծաղկեց և այլակերպվեց` ի ցույց դնելով Իր աստվածային փառքը: Քրիստոսի կերպարը այնքան պայծառ ու ճերմակ մաքրություն ունի, որ մենք անընդհատ պետք է նորոգենք մեր անձը` ձգտելով անհաս թվացող կատարյալ լույսին: Պատարագի ընթացքում Աշխարհգալոցի ժամանակ Տեր Հայրը վարդաջրով ցողեց ներկաներին:
Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր եկեղեցու երիտասարդաց միության կողմից:
Միջոցառման մաս կազմեցին խաղերը, ազգային պարերը, որին մասնակից էին ինչպես միության անդամները, թեմի կիրակնօրյա դպրոցների երեխաները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկություն հայտնեցին միանալու տոնական միջոցառմանը: Այն ամփոփվեց ժողովրդական ավանդույթ դարձած ջրախաղով։ Գեղեցիկ միջոցառումը համախմբեց և ցնծությամբ լցրեց մարդկանց սրտերը:
--00—ՅՄ