Անցած մի քանի տարիների տվյալները գոհացուցիչ համարել չի կարելի․ Շիրակի մարզպետը՝ դպրոցի տնօրեններին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

photo_2023-12-20_17-28-21

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպում են ունեցել մարզի դպրոցների տնօրենների հետ։

Հանդիպման մասնակիցներին ողջունելով Շիրակի մարզպետը՝ նշել է, որ քննարկումը նպատակ ունի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսանելու առավելությունների մասին տեղեկատվությունը առավել մատչելի ներկայացնելու, անցնող տարում արված աշխատանքներն ամփոփելու, եթե տեղեկատվական բաց կա՝ լրացնելու․ «Տարիներ շարունակ Շիրակի մարզի դպրոցականները հստակ հետաքրքրություն են ունեցել զինվորական գործի նկատմամբ, անցած մի քանի տարիների տվյալները գոհացուցիչ համարել չի կարելի։ Այստեղ անելիքներ ունենք բոլորս։ ՀՀ կառավարության կողմից այժմ շատ լուրջ բարեփոխումներ են իրականացվում՝ մեր զինված ուժերի զարգացման նպատակով, որից հետ չի մնում նաև ռազմական համալսարանը։

Ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում անուրանալի է, պետք է կարողանանք անել հնարավորը, որպեսզի մատաղ սերունդը գիտակցի, որ սպայական կրթություն ստանալը ոչ միայն հետագայում հիմնական ու երաշխավորված աշխատանք ունենալու, սոցիալական բազմաթիվ երաշխիքներից օգտվելու հնարավորություն է, այլև՝ հայրենիքին ծառայելու պատիվ։

Հայրենիքի համար պիտանի և հայրենանվեր քաղաքացի ձևավորվում է հենց դպրոցից։ 2020-ի պատերազմը մեկ անգամ ևս բոլորիս համար հաստատեց մեկ փաստ, որ հույս դնել կարող ենք նախ ինքներս մեզ վրա, իսկ առավելություն հակառակորդի նկատմամբ կունենանք, եթե ունենք ինստիտուցիոնալ կրթությամբ զինվորականներ, անվերապահ նվիրված հայրենասերներ»։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Արթուր Երոյանը ներկայացրել է ռազմական համալսարանում իրականացվող բարեփոխումները, ներդրված նոր ծրագրերն ու ուսուցման նոր մեթոդները, համալսարանում ուսանելու ընթացքում և հետագայում շրջանավարտների համար նախատեսվող առավելությունները՝ նշելով, որ հանդիպման նպատակը դպրոցականների շրջանում մասնագիտության նկատմամբ հետաքրքրության խթանումն է, հատկապես երբ խոսքը գնում է ամենաբարձր մակարդակով կրթության կազմակերպման, այնուհետև երաշխավորված աշխատանքի ու սոցիալական տարբեր երաշխիքների մասին։

--00—ՅՄ