ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
Կառավարության կողմից առաջարկվող նոր օրենսդրական փոփոխությունը, որով բիզնեսմենի նկատմամբ կարելի է քրեական գործ հարուցել որոշակի շեմից բարձր խախտում հայտնաբերելու պարագայում և որևէ այլընտրանք չտալ, դամոկլյան սուր է։ Ավելին, քանի որ ՊԵԿ-ը չունի արդեն իր ենթակայության տակ գտնվող քննչական մարմին, գործարարի նկատմամբ հարուցված քրգործը քննելու է ոչ մասնագիտացված քննիչը, ինչն էլ ավելի մեծ խառնաշփոթ է ստեղծելու։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանը։
Ըստ մեր զրուցակցի, երկրի առանց այդ էլ ոչ պրոակտիվ արտաքին քաղաքականության, անվտանգային ռիսկերի առկայության պարագայում նմանատիպ օրենսդրական փոփոխությունները գործարարներին ստիպելու են բիզնես գործունեության նոր տարբերակներ փնտրել Հայաստանից դուրս. «Մի գործարար ինձ ասաց, որ չեմ պատրաստվում կալանավորվել 20 հազար դոլարի համար, կգնամ ու Դուբայում կաշխատեմ», - ասել է Արամյանը։
Նախկին նախարարը, մեկնաբանելով ՊԵԿ-ին վերագրվող «հարկային տեռորը», ինչի մասին բարձրաձայնում են գործարարները, ասել է, որ այդ կառույցը տեսչական մարմին է, արձագանքում է իր առջև դրված հարկային պլաններին և կատարում իջեցված հանձնարարություններ։ «Պետք է բյուջեում ճիշտ պլանային թիրախներ ֆիքսել, որ այսպիսի իրավիճակներ չլինեն», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ