ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Ինչպես բռնապետական ցանկացած պետություն, «ժողովրդավարության մեր բաստիոնին» ևս հատուկ է պատժող մահակի ուժգնությունը սաստկացնելը և օրեցօր էլ ավելի հատել կարմիր գծերը: Սրա վառ ապացույցն է դատական համակարգը, որում ճնշումները հետզհետե նոր թափ են հավաքում:
Այդ ճանապարհին «Աննա Դանիբեկյան» անվանումը այլևս ասոցացվում է ոչ միայն կոնկրետ անձի հետ, այլև արդեն իսկ երևույթի՝ որը ներառում է իշխանական պատժիչ մեխանիզմի ողջ ներկապնակը՝ դրդել ծառայության մատուցման ինչ-ինչ հանգամանքների բերումով, պատժել նույնիսկ ծառայություն մատուցելու դեպքում՝ երբ ծառայությունը բավարար չէ, դեն նետել օգտագործելուց հետո, ստեղծել նախադեպ՝ հանդուգն պաշտոնյաներին խելքի հրավիրելու հարցում:
Այս դասը կարծես թե նաև սերտել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը, որի վարույթում է գտնվում մի աղմկահարուց քրեական գործը, որով դատավորը, ըստ մեզ հասած տեղեկությունների, պատրաստվում է կայացնել բացարձակ անհիմն մեղադրական դատական ակտ: Պարզ հաշվարկ է՝ չդառնալու համար Աննա Դանիբեկյան պետք է լինել ավելի Աննա Դանիբեկյան, քան հենց ինքն էր, ասել է թե՝ մատուցել ծառայություն անձնվիրաբար, մինչև վերջ, պաշտոնի համար պայքարել հենց այսօր, ի վերջո, մի երկու տարի հետո ով սաղ ով մեռած, երբ գա ապօրինի գործողությունների համար պատասխան տալու ժամանակը: Բարոյակա՞ն է՝ իհարկե ոչ: Խելամի՞տ է՝ կրկին ոչ, նույնիսկ այն դատավորների պարագայում, ովքեր իրենց ամբողջ կյանքն ու կենսագրությունն են դրել զոհասեղանին դատավորի բաղձալի պաշտոնը ստանձնելու համար /որին այժմ չենք անդրադառնում/:
Շատ պարզ պատճառով՝ մեր ժամանակում հաշվարկ անելը անշնորհակալ գործ է, իսկ այդ հաշվարկներում չսխալվելու միակ միջոցը՝ մարդուն ու արդարադատությանը ոչ թե միջոց, այլ նպատակ դիտարկելը:
Գագիկ Գյուլումյան
--00—ԱՊ