ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման ներմուծած հազարավոր փեյջերների պայթյունի հետևանքով 9 մարդ է զոհվել, գրեթե 3000 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ պայթուցիկ նյութը տեղադրվել է 5000 փեյջերի մեջ Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կողմից։
Պայթած փեյջերներն, ըստ գործակալության աղբյուրի, Իսրայելի հետախուզական ծառայության կողմից փոփոխության են ենթարկվել արտադրության փուլում։
«Սարքի ներսում «Մոսադ»-ը վահանակ է տեղադրել, որն ունի պայթուցիկ նյութ, որը կոդ է ստանում։ Այն շատ դժվար է որևէ կերպ հայտնաբերել՝ նույնիսկ սարքի կամ սկաների միջոցով», - ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ 3000 փեյջերներ պայթել են, երբ դրանց ուղարկվել է կոդը՝ միաժամանակ ակտիվացնելով պայթուցիկները։ Պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև Բեյրութում Իրանի դեսպանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Լիբանանի անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ փեյջերները Թայվանում տեղակայված Gold Apollo ընկերության արտադրանքն էին, սակայն ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դրանք պատրաստվել են BAC ընկերության կողմից, որն ունի իր ապրանքանիշն օգտագործելու արտոնագիր։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ