Իսրայելի օդային հարձակումները ոչնչացրել են Իրանի Կարմիր մահիկի հիվանդանոցը Սիրիա-Լիբանան սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

ռ.

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է Սիրիա-Լիբանան սահմանին գտնվող իր դաշտային հիվանդանոցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ 

Կազմակերպության տնօրենը հայտնել է, որ հարձակումը ոչնչացրել է բուժհաստատությունը՝ շտապ օգնության մեքենաների, բժշկական պարագաների և սարքավորումների հետ միասին:

«Այնտեղ առկա էին պաշարներ, ներառյալ սնունդ, բժշկական պարագաներ և սարքավորումներ՝ հստակ նշված Կարմիր մահիկի դրոշներով», - ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը:

«Օդից և ցամաքից ակնհայտ էր, որ այդ վայրը նախատեսված էր առողջապահական ծառայությունների, շտապ օգնության և ժամանակավոր կացարանի համար: Ցավոք, այսօր վաղ առավոտյան այդ վայրը թիրախավորվել է սիոնիստական ​վարչակազմի կողմից: Ամեն ինչ ավերվել է», - հավելել է նա։

Գիշերն Իսրայելը հարված է հասցրել Բեյրութին, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ Իսրայելը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքները և նպատակ ունի անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ 2023 թ. հոկտեմբերից իսրայելական հարվածներից Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 2100-ը, վիրավորների թիվը՝ 10 100-ը։ Իսկ սեպտեմբերի 23-ից Լիբանանում զոհվել է ավելի քան 1320 մարդ, վիրավորվել՝ շուրջ 3700-ը։ Վերջին շաբաթներին ավելի քան 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։  

 --00—ԼՀ