Մոլդովայի ընդդիմադիր դաշինքը կառավարությանն անվստահության քվե հայտնելու միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

յյյ

Մոլդովայի ընդդիմադիր Կոմունիստների և սոցիալիստների դաշինքի (ԿՍԴ) պատգամավորները խորհրդարան են ներկայացրել միջնորդություն՝ անվստահություն հայտնելու երկրի կառավարությանը՝ վարչապետ Դորին Ռեչանի գլխավորությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Radio Moldova պարբերականը։ 

Նախաձեռնությունը ստորագրել է 26 պատգամավոր խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, որտեղ ԿՍԴ-ի անդամներն իրենց դժգոհությունն են հայտնել գործադիր իշխանության աշխատանքի արդյունավետությունից։

«Մոլդովայի Հանրապետությունը վերջին երեք տարիներին ղեկավարում է ԳՀԿ-ի (խմբ.՝ «Գործողություն և համերաշխություն» կուսակցություն) կառավարությունը  որը, կարծես, պատրաստ է զոհաբերել երկրի ազգային շահերը, քաղաքացիների բարեկեցությունը և մեր երեխաների ապագան՝ օտարերկրյա գործընկերների հավանության դիմաց», - խորհրդարանում ելույթում հայտարարել է ԿՍԴ-ի պատգամավոր Պետրու Բուրդուջան։

Պատգամավորը նշել է, որ երկրում առկա է խորը էներգետիկ ճգնաժամ, իշխանությունները չունեն հստակ քաղաքականություն և ռազմավարություն դրա ազդեցությունից քաղաքացիներին պաշտպանելու և երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար։

Ըստ Մոլդովային խորհրդարանի կանոնակարգի՝ անվստահության քվե կարող է նախաձեռնվել նվազագույնը 26 պատգամավորի կողմից։ Հարցի շուրջ քննարկումը պետք է տեղի ունենա միջնորդությունը ներկայացնելուց հետո 14 օրվա ընթացքում։

Եթե խորհրդարանում նախաձեռնությանը կողմ քվեարկեն, ապա վարչապետը պետք է կառավարության հրաժարականը ներկայացնի նախագահին երեք օրվա ընթացքում։ 

Մոլդովան տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում 2021 թվականից, ինչը խորացել է էներգառերսուրսների գների բարձրացման պատճառով։ 2022 թվականին, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության ներկայացրած տվյալների, ինֆլյացիան երկրում հասել է ռեկորդային 30,2%-ի, գազի սակագներն աճել են գրեթե յոթ անգամ, էլեկտրաէներգիայի սակագները՝ գրեթե չորս անգամ։ 2023 թվականին Մոլդովայում ինֆլյացիան կազմել է 13,4%: 

--00—ԼՀ