ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Դեկտեմբերի 6-ին Աբովյան քաղաքում անցկացվեց «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ, որը կազմակերպվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում, Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ գործակցությամբ։
Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը ՀՀ-ում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակում 400-ից ավել աշխատանք փնտրողներ հանդիպեցին շուրջ 30 առաջատար կազմակերպությունների հետ, տեղում ծանոթացան առաջարկվող աշխատանքային թափուր հաստիքներին և հնարավորություն ունեցան մասնակցել՝ հարցազրույցներիՊ
Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին նաև մի շարք դասընթացներ գործատուին ճիշտ ներկայանալու, աշխատանքային կոնֆլիկտները հաղթահարելու, գործարար իմիջ ստեղծելու և այլ թեմաների շուրջ։
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ ծրագիրը արդյունավետ է ինչպես գործատուների հետ աշխատանք փնտրողների անմիջական կապը հաստատելու, այնպես էլ վերջիններիս շրջանում շարունակական կրթության խրախուսման տեսակետից։
Նշենք, որ եզրափակիչ տոնավաճառը տեղի կունանա Երևանում դեկտեմբերի 11-ին։
--00—ՅՄ