Հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքների է առերեսվում Արցախի էթնիկ զտման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News 

Գ

Հունվարի 30-ին Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Լեզու, պատմվածքներ, երաժշտություն և արհեստներ» խորագրով գիտաժողով։
 
Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ-հիմնադրամի (Fondation INALCO) նախաձեռնությամբ, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի (INP) և Միջին Արևելքում քրիստոնյաների պաշտպանության հարցերով զբաղվող «Œuvre d’Orient» ՀԿ համագործակցությամբ և ՀՀ դեսպանության բարձր հովանում ներքո անցկացված այս գիտաժողովին բացման խոսքով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, «INALCO» ինստիտուտի փոխնախագահ Ռիմա Սլեյմանը, «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, «INALCO» ինստիտուտի պրոֆեսոր, Հայագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը, «Œuvre d’Orient» Հ-ի և Ժառանգության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները։
 
ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես կարևորել է Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների իրագործումը, ինչպես նաև այս ոլորտում Հայաստանի պատմամշակութային հաստատությունների և Ֆրանսիայի առաջատար մշակութային կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
 
Իր խոսքում Հայաստանի դեսպանը ներկայացրել է այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առերեսվում է հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ զտման հետևանքով։ Անդրադարձել է վերջին տասնամյակներում հայկական մշակութային արժեքների ոչնչացման ու խեղաթյուրման նպատակով իրականացված քաղաքականությանը։
 
Երեք բաժիններից բաղկացած գիտաժողովի ընթացքում զեկույցներով են հանդես եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող Վիկտորիա Խուրշուդյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի այլ մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև լեզվի և հոգևոր մշակույթի դերակատարությանը հայկական ինքնության արտահայտման գործում։
 
Գիտաժողովի ավարտին ամփոփիչ ելույթով է հանդես եկել «Œuvre d’Orient» ՀԿ գլխավոր տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշը։


--00—ՍՊ