ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ըստ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի` ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:Դրանից օրեր առաջ էլ Տեր-Պետրոսյանը հանդիպել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ:
Մեկուսկես ժամ էլ զրուցել է իրանցի դիվանագետի հետ ու իր հիացմունքն արտահայտել դեսպանի՝ վերջերս կայացած, ինչպես Տեր-Պետրոսյանն է նշել, չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ:
Ինչով է պայմանավորված ՏերՊետրոսյանի ակտիվությունը դիվանագիտական դաշտում, դեռեւս ստուգվող տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն է անձամբ խնդրել: ՀՀ առաջին նախագահի միջնորդությամբ՝ վերջինս փորձում է այս առանցքի շուրջ հաշտության եզրեր գտնել: Ըստ նույն աղբյուրների` Ռուսաստանի կողմից հիմնականում երկու պայման է դրված՝ Փաշինյան Նիկոլի դեմքն ու տապալված վարկանիշը փրկելու համար:
Առաջինն այն է, որ նա պետք է փակի ՀԱՊԿ-ից դուրս գալու չարչրկված թեման: Օրինակ, հայտարարելով, որ ստացել է իրեն հուզող հարցերի պատասխանները: Եվ երկրորդ՝ երկաթուղու վերահսկողության հարցում սկսել փոխընդունելի տարբերակների քննարկում ռուսական կողմի հետ»:
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
--00—ՍՊ