ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օվալաձև աշխատասենյակից ժամանակավորապես հանել է խորհրդանշական «Ռեզոլյութ» աշխատասեղանը, որն օգտագործել էին իր դեմոկրատ նախորդներ Ջո Բայդենը և Բարաք Օբաման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Independent պարբերականը։
«Ռեզոլյութ» աշխատասեղանը պատրաստվել է ժամանակին լքված բրիտանական HMS Resolute արկտիկական հետախուզական նավի բեկորից, և 1880 թվականին Բրիտանիայի Վիկտորյա թագուհու կողմից ընծայվել է ԱՄՆ նախագահ Ռադերֆորդ Հեյսին: Գրասեղանն օգտագործվել է Սպիտակ տան գրեթե բոլոր առաջնորդների կողմից:
Թրամփը պարզաբանել է, որ գրասեղանը պետք է վերանորոգվի, և նախընտրել է այն փոխարինել «գեղեցիկ», թեպետև «ժամանակավոր» C&O աշխատասեղանով, որն օգտագործվել էր նախագահ Ջորջ Բուշի կողմից։
The Daily Beast պարբերականը նշում է, որ Թրամփը հրամայել է Օվալաձև աշխատասենյակից հեռացնել խորհրդանշական «Ռեզոլյութ» գրասեղանն այն բանից հետո, երբ Իլոն Մասկի 4-ամյա որդին՝ X Æ A-Xii-ն, որը հայտնի է Փոքրիկ Էքս մականունով, նախորդ շաբաթ ուղիղ եթերում քիթը փորելուց հետո ձեռքը մաքրել էր սեղանի վրա:
Իլոն Մասկի որդին զվարճալի շոու էր ապահովել՝ ընդօրինակելով հորը նախագահ Թրամփի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա ծամածռություններ էր արել, կառչել հորից, նույնիսկ բարձրացել նրա ուսերին՝ փակելով վերջինիս ականջները, քաշելով մազերը:
--00—ՅՄ