ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը, համագործակցելով ՆԳՆ ոստիկանության հետ, Երևանում և մարզերում իրականացրել է սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացրել են կախված սառցալեզվակների և ջրհորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։
Փետրվարի 22-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել են ահազանգեր կամուրջներից, թունելներից, բնակելի շենք-շինություններից, դպրոցների և մանկապարտեզների տանիքներից կախված սառցալեզվակների վերաբերյալ:
Սպասարկված դեպքերը հիմնականում կապված էին վարչական շենքերի, կամուրջների, թունելների և դպրոցների տանիքներից կախված սառցալեզվակների հետ:
Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով՝ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։