ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
ԱՄՆ-ը մտադիր չէ քննարկել հակառուսական պատժամիջոցների թուլացման հնարավորությունը, քանի դեռ չի հաստատվել Ուկրաինայում հրադադարը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը։
Հարցին, թե արդյոք Պետդեպարտամենտը Սպիտակ տնից հրահանգներ է ստացել՝ կազմելու պատժամիջոցների ցանկը, որը կարող է մեղմացվել, Բրյուսն ընդգծել է, որ պատրաստ չէ քննարկել դա։ «Կարող եմ հիշեցնել այն, ինչ պարզ էր ի սկզբանե, մինչև արյունահեղությունը չդադարի, ոչ մի քննարկում, ոչ որոշում կամ պայմանավորվածություն չի լինի»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, վերջին օրերին հարց է առաջացել, թե «ով է իրականում հավատարիմ խաղաղությանն ու հրադադարին»։
Մարտին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը իր դեմ սահմանված բոլոր պատժամիջոցներն անօրինական է համարում և ակնկալում է, որ դրանք կչեղարկվեն։
--00—ՅՄ