ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
«Պետք է խոստովանեմ, որ շատ զվարճալի տեսարան է, կարելի է popcorn վերցնել, հարմար տեղավորվել ու վայելել այս շոուն, քանի որ, հավատացնում եմ, սա համաշխարհային մակարդակով ԱՆՆԱԽԱԴԵՊ անիմացիոն ծրագիր է»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Նիկոլ Փաշինյանն ինձ հիշեցնում է իր մասին մեծ կարծիք ունեցող, սակայն միջակ ուժերի տեր բռնցքամարտիկի, որը միայնակ մնալով բոքսի ռինգում, գազազած հարձակվում ու հարվածում է երևակայական հակառակորդներին:
Ինչու երևակայական, որովհետև ոչ մեկ չի ցանկանում նրա հետ մարտի մեջ մտնել, ներքևում նստած քմծիծաղ են տալիս ու վայելում մեկ դերասանի թատրոնի անտաղանդ սցենարիստի կողմից բեմադրված մենամարտը:
Ինքն իրեն հորինում է մրցակիցներ, տալիս նրանց անուններ ու կերպարներ, և անխնա հարձակվում ու ջախջախում է նրանց: Մի խոսքով, մանուկ տարիների երազանքների իսկական ասպետ:
Պետք է խոստովանեմ, որ շատ զվարճալի տեսարան է, կարելի է popcorn վերցնել, հարմար տեղավորվել ու վայելել այս շոուն, քանի որ, հավատացնում եմ, սա համաշխարհային մակարդակով ԱՆՆԱԽԱԴԵՊ անիմացիոն ծրագիր է:
Ափսոս որ երկար չի տևելու, արդեն սկսում է ձանձրացնել, շատ է կրկնվում, ուրիշ հերոսների անուն չգիտի, միշտ նույն հակառակորդներն են»: