ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 27-ի՝ ժամը 16։30-ի դրությամբ թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք չեն ներառում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։
«Թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ:
Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից:
Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել ombuds@ombuds.am էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջին: 096-116-100 հեռախոսահամարը հնարավորություն է տալիս զանգահարել նաև WhatsApp և Viber համակարգերի միջոցով։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն արտակարգ դրության պայմաններում աշխատում է 24-ժամյա աշխատանքային ռեժիմով։ Այս օրերին Պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը և պահանջում են արագ արձագանք՝ չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր աշխատողներն են ֆիզիկապես ներկա աշխատավայրում», - ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում: