ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ազգային անվտանգության ծառայությունը ստացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից անհայտ անձանց կողմից քաղաքացիներին զանգահարելու վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիմումը: Այդ մասին 24News-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Դիմումը ներկայումս ուսումնասիրման փուլում է:
Նշենք, որ ապրիլի 10-ին Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վերջին օրերին տարբեր անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և, օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը, ձայնի միջոցով փորձում տպավորոււթյուն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Այնուհետև Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ տվյալ փաստի առթիվ դիմել է իրավապահներին:
Տեղեկացնենք նաև, որ վարչապետն օրեր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարում էր պատահական քաղաքացիների՝ հետաքրքրվելով, թե ինչպես են դիմանում արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումներին։
Սոնա Գրիգորյան