ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Կորոնավիրուսային հիվանդության օջախ հանդիսացող Ուհանում զբոսաշրջիկների համար կվերաբացվեն տեսարժան վայրերը: Այս մասին հայտնում է ChinaDaily-ն:
Արդեն ապրիլի 29-ին զբոսաշրջիկների համար հասանելի կլինի գլխավոր տեսարժան վայրը՝ Դեղին կռունկի աշտարակը:
Այգին կաշխատի 8:30-ից մինչև 17:00-ն: Այնտեղ ամեն օր կարող է այցելել ոչ ավելի, քան 5400 զբոսաշրջիկ:
Զբոսաշրջիկները կարող են նախապես պատվիրել տոմսերը օնլայն և սկանավորել իրենց ID քարտը կամ QR կոդը այգու մուտքի մոտ: Նրանք կկարողանան այգի մտնել ջերմաստիճանի ստուգումից և կանաչ առողջապահական կոդը ստանալուց հետո:
Հիշեցնենք, որ արդեն ապրիլի 26-ին Ուհանի հիվանդանոցներում չկար COVID-19-ով վարակված: Վերջին 12 վարակվածներն ապաքինվել և դուրս էին գրվել անցյալ շաբաթվա վերջին: Դեկտեմբերից ի վեր Հուբեյի ամբողջ նահանգում հայտնաբերվել է վարակման 68 128 դեպք, որոնցից 50 333-ը՝ Ուհանում: