ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 14, 24News
«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով ոսկվայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանին, հայտնում է, որ Երևանն ապավինում է Ռուսաստանի միջնորդական ջանքերին՝ հայ-ադրբեջանական սահմանին սրումը կարգավորելու համար:
«Մենք նույնպես ապավինում ենք․ այսօր եղան Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարի և արտգործնախարարության հայտարարությունները, ըստ որի՝ Ռուսաստանը կկարողանա իր միջնորդական ջանքերը գործադրել՝ դադարեցնելու համար այն, ինչ տեղի է ունենում այնտեղ (խմբ.՝ հայ-ադրբեջանական սահմանին):
Մենք ապավինում ենք ՀԱՊԿ գործընկերների արձագանքին, քանի որ խոսքը Հայաստանի սահմանի մի հատվածի մասին է, որը ճանաչվել է նաև ՀԱՊԿ անդամների կողմից»,-ասել է Տողանյանը, ապա հավելել, որ իրավիճակը բարդացնում են Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները:
Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար Վարդան Տողանյանը նաև հայտնել է, որ Երևանում առաջին հերթին քայլեր են ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:
«Միակ օրինական միջազգային մանդատը տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբին, և Անվտանգության խորհրդի բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան այդ գործընթացի մասնակիցներն են: Մենք արդեն գիտենք Ռուսաստանի արձագանքը, մենք գիտենք Պետդեպարտամենտի, Ֆրանսիայի արձագանքը, ուստի այժմ բանակցություններ են ընթանում. և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարները երեկ շփվել են Ռուսաստանի նախարարի հետ:
Կարծում եմ, որ այս հարցը, այնուամենայնիվ, ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,-եզրափակել է դեսպանը:
--00—ԼՄ