ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Արցախում ու Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը և մասնավորապես մտահոգություն հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող բացահայտ ռազմաքաղաքական աջակցության առնչությամբ:
Հանդիպմանն ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության կարևորությունը:
Միաժամանակ, նախագահ Սարգսյանն իրավիճակի կարգավորման տեսանկյունից անհրաժեշտ է համարել ծավալվող գործողություններին Թուրքիայի մասնակցության անվերապահ դադարեցումը, այդ հարցում ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ