ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում:
ՀՀ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային։
«Որոշ եվրոպական երկրների կողմից հնչող, ինչպես նաև մամուլում հաճախ արծարծվող պիտակավորված տեսակետը, թե իբր միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, բացարձակապես ճշմարտացի ձևակերպում չէ», - ասել է նա։
Դեսպանն անդրադարձել է 1994թ. եռակողմ զինադադարին, որի կողմ էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, և ներկայացրեց դրանից բխող իրավական հիմնավորումները:
«Միջազգային հանրությունը և ժողովրդավար երկրների առաջնորդները հաճախ և հաճույքով են խոսում մի արժեհամակարգի մասին, որը հիմք է հանդիսանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար. դրանք են ազատությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները: Այս նույն արժեհամակարգը գործում է նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, որի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ազատորեն տնօրինելու սեփական կյանքը, այն շարունակելու կառուցել ժողովրդավարության հիմքի վրա: Մարդու իրավունքները չեն կարող տարբերակված լինել, նրանք գործում են հավասարապես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության պարագայում: Յուրաքանչյուրիս պարտքն է նպաստելու հակամարտության խաղաղ լուծմանը՝ հանուն հաջորդ սերունդների, քանի որ Լեռնային Ղարաբաղը զուտ տարածք չէ, այլ այնտեղ ապրող մարդիկ են, ովքեր սեփական տանը ցանկանում են խաղաղ ապրել և արարել: Նրանց ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է», - նշել է դեսպան Սմբատյանը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։
Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:
Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
--00—ՄՀ