ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Հոկտեմբերի 30-ի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 44 զոհ և 141 վիրավոր։ Այդ մասին ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հայտնում է azatutyun.am-ը։
«Նշում եմ առնվազն, քանի որ տարբեր տեղերից նախնական տեղեկություններ ունենք, հատկապես այն բնակավայրերից, որտեղ ադրբեջանական զինված ուժերը մուտք են գործել և որոշակի հանցագործություններ են կատարել, տեղեկություններ ենք ստացել, որ առկա են քաղաքացիական այլ զոհեր: Սակայն այս պահին դեռևս ճշգրտված վերջնական տեղեկություններ չունենք, չենք կարողանում ապացուցված կերպով ներկայացնել», - նշեց Բեգլարյանը:
Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ Ադրբեջանը կրկին խախտել է պայմանավորվածությունները և թիրախավորել է Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր, ինչ հետևանքով կան վիրավորներ:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։
--00—ԼՄ