ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է «Սերունդ» դպրոց: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
«Մենք մի քանի ամսվա ընթացքում տեսանք «Սերունդ դպրոցների» հաջողությունը. ակնառու երևում է այն փոփոխությունը, ինչին մենք ձգտել ու երազել ենք նախաձեռնության մեկնարկին»,- նշել է մարզպետը:
Հայկ Չոբանյանը բազմիցս հայտարարել է, որ կրթության ոլորտում պետք է իրականացվեն էական փոփոխություններ: Կարևորելով հանրակրթական ոլորտում հեղինակային դպրոցների ստեղծումը՝ մարզպետը նշում է, որ այն կբերի անհրաժեշտ և սպասված փոփոխություններ:
Տավուշի մարզպետարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համագործակցության շրջանակում 2020 թ.-ին Դիլիջանի թիվ 2 դպրոցում ներդրվել է «Սերունդ դպրոցներ» ծրագիրը:
Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է դպրոց, հանդիպել ուսուցիչներին և աշակերտներին, ծանոթացել դպրոցում իրականացվող ծրագրերին:
Հաշվի առնելով ծրագրի արձանագրած մեծ հաջողությունները՝ Հայկ Չոբանյանը հայտարարել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հետ համագործակցությամբ 2 նոր դպրոցներում՝ Իջևանում և Բերդում, նմանատիպ մոդելների ներդրման մասին:
--00--ԱԹ