ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով պետքարտուղար Կլեմենտ Բոնը հայտնել է, որ Թուրքիայի դեմ կսահմանվեն պատժամիջոցներ, եթե վերջինս Արևելյան Միջերկրանի և այլ տարածաշրջաններում շարունակի իր ագրեսիվ վարքագիծը: Այս մասին Բոնն ասել է Ֆրանսիայի խորհրդարանում:
«Մենք Եվրոպային ստիպեցինք, որ Թուրքիայի նկատմամբ ամուր, միասնական և հստակ գիծ ցուցաբերի: Լարվածություն չենք փնտրում, բայց և մեր շահերն ենք պաշտպանում»,-ասել է նա: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Բոնը Թուրքիային երկընտրանքի առաջ է կանգնեցրել՝ նշելով. «Թուրքիան պիտի որոշի՝ հետևե՞լ լարվածությունը թուլացնելու ուղուն, թե՞ շարունակել ագրեսորի վարքագիծը: Երկու ընտրության դեպքում էլ ԵՄ-ն պատրաստ է արձագանքել: Հարկ եղած դեպքում մենք կդիմենք այն միջոցներին, որոնք նախապատրաստել ենք, այդ թվում՝ պատժամիջոցներ»:
Թուրքական լրատվամիջոցները Բոնի այս հայտարարությունը կապում են վերջերս Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի նախագահների՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հետ:
Հիշեցնենք, որ հանդիպման մեկնարկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աթոռ չէին առաջարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողքին: Ֆոն դեր Լյայենը ստիպված էր եղել նստել Էրդողանի և Միշելի կողքին գտնվող բազմոցին։
Բոնը միջադեպի կապակցությամբ մեղադրել էր Թուրքիային, նշելով որ վերջինս վատ վարքագիծ էր դրսևորել և ԵՄ-ի դեմ միտումնավոր խնդիր էր ստեղծել:
--00—ՄՀ