ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Ֆրանսիան՝ որպես հզոր պետություն, կանգնած է համամարդկային արժեքների կողքին, հետևաբար այս երկրի հետ հարաբերությունները շահավետ են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցին՝ Փարիզ և Բրյուսել:
Դիտարկմանը, թե հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ տեղակայելու մասին Փաշինյանի առաջարկի վերաբերյալ կան մտահոգություններ, որ այն կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա (Ռուսաստանի ԱԳ նախարար Ս. Լավրովը նշել էր, որ ՌԴ-ն ցանկանում է միջնորդի դեր կատարել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում-խմբ․), Աղազարյանը նկատեց՝ եթե հարցը լուծվի ՄԱԿ-ի շրջանակներում, չի նշանակում՝ Մոսկվան դուրս է մղվելու․ ՌԴ-ն Անվտանգության խորհրդի հինգ անդամներից մեկն է։
Աղազարյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի հարցը լուծվի ՀԱՊԿ-ի փոխադարձ պայմանավորվածությունների շրջանակներում, հակառակ դեպքում պետք է դիմել այլ քայլերի:
Անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի և գերատեսչության այլ պաշտոնյաների հրաժարականներին, Աղազարյանը շեշտեց՝ նրանք համակարգում նոր չէին և ծանոթ էին Արցախի շուրջ ընթացող բանակցություններին։
«Ես համարում եմ, որ իրենք ոչ թե հրաժարական են տվել, այլ փախել են մարտի դաշտից: Այվազյանը պետք է պատասխան տա, երբ ինքը ինչ-որ ռանգի պաշտոնյա էր 2000 ականներին և Արցախը՝ որպես կողմ, դուրս մղվեց բանակցային գործընթացներից, ինչի՞ գլուխը չտվեց պատերին, հորջորջար՝ Ռոբերտ Քոչարյան դավաճան, ինչի՞ չարեցին»,-շեշտեց Աղազարյանը:
Նրա խոսքով, երբ Արցախի ինքնորոշման պայքարը վերածվեց հայ-ադրբեջանական կոնֆլիկտի, հիմք դրվեց բոլոր անհաջողություններին, և Արա Այվազյանը կանգնած էր այդ անհաջողությունների ակունքում։
«Ռոբերտ Քոչարյանն իրեն ասել է՝ դուրս արի աշխատանքից, այ տղա՛, թող ժողովուրդը իմանա, որ իշխանությունը չի կարողանում իրավիճակին տիրապետի, որ մեզ ընտրի»,-հավելեց պատգամավորը: